«Վերելակների փորձաքննությունը պետք է իրականացվի տարին մեկ անգամ: Երևանում բնակելի շենքերում եղած 4141 վերելակներից 1034-ը ենթարկվել են փորձաքննության, որոնցից 35-ի շահագործումը դադարեցվել է»,-«Զարկերակ» մամուլի ակումբում այսօր նման տվյալներ ներկայացրեց ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ Լուսինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Իսկ թե ինչու է այդքան դանդաղ ընթանում տեխնիկական փորձաքննության աշխատանքները, փորձագետը այսպես հիմնավորեց. «Փորձաքնությունը դանդաղ է ընթանում, որովհետև փորձագետները զբաղվածության հագեցած գրաֆիկ ունեն և պատասխանատու աշխատանք են կատարում: Դա է պատճառը, որ տարվա կեսն արդեն անցել է, բայց վերելակների կեսը փորձաքննության չի ենթարկվել»:
Ինչ վերաբերվում է հանրապետության կարուսելներին և ատրակցիոններին, բանախոսը վստահեցրեց, որ դրանք նորմալ վիճակում են:
Նրա փոխանցմամբ, ՀՀ-ում գրանցված է 126 ատրակցիոն, որից 83-ը` Երևանում: Դրանցից 63-ը անցել են տեխնիկական անվտանգության փորձաքննություն: Մնացածի փորձաքննությունը ընթացքի մեջ է: «Մենք ստուգում ենք դրանք տեխնիկական անվտանգության բնորոշիչներին համապատասխան: Կախված ատրակցիոնների բնույթից`փորձաքննության արժեքը կարող է տատանվել: Պրիմիտիվ ատրակցիոններ կան, որոնց փորձաքննությունը տասը հազար դրամ է»,-ասաց Լ. Հովհաննիսյանը: Նա նշեց, որ «Հաղթանակ» զբոսայգում 37 տարվա արտադրության ատրակցիոն կա: Համեմատաբար նոր են մանկական երկաթուղու ատրակցիոնները: Կան նաև եվրոպական արտադրության ատրակցիոններ:
Բանախոսի տեղեկացմամբ, մարզերում ևս իրականացվում է փորձաքննություն, որի արդյունքում բացասական եզրակացություն են ստացել Կոտայքի մարզի`վեց, Շիրակի մարզի`տասնչորս, Սյունիքի մարզի`վեց ատրակցիոններ:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ